Հետևել Հիսուս Քրիստոսին
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Հիսուսն աշխարհի Փրկիչն է: Երբ մենք հետևում ենք Նրան, ավելի մեծ խաղաղություն և երջանկություն ենք զգում կյանքում:
Հիսուսն Աստծո Որդին է
Մեր Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ Նա Իր վրա վերցնի բոլոր նրանց մեղքերը, ովքեր կապրեն երկրի վրա, որպեսզի մենք կարողանանք ներվել: Մեզ համար կատարվող այս զոհաբերությունը հնարավոր դարձավ Հիսուսի աստվածության և Նրա կատարյալ կյանքի շնորհիվ:
Հիսուսը բոլորի ուսուցիչն ու ծառան էր: Բայց Նա շատ ավելին էր, քան ուսուցիչն ու ծառան: Երբ Նա հարցրեց Պողոս Առաքյալին. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ», Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»(Մատթեոս 16.15–16):
Հիսուսը մեզ կատարյալ օրինակ ցույց տվեց հետևելու համար
Հիսուսն ապրեց կատարյալ կյանքով, որպեսզի մեզ ցույց տա մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը: Չնայած Հիսուսը երբեք մեղք չգործեց, այնուամենայնիվ, Նա մկրտվեց, որպեսզի հնազանդ լինի Աստծուն և ուսուցանի մեզ, որ մկրտությունը պարտադիր է բոլորի համար:
Հիսուսը նաև սիրո կատարյալ օրինակ է: Իր երկրային կյանքի ընթացքում Նա հոգ էր տանում աղքատների մասին և բժշկում էր կույրերին (տես Հովհաննես 9.1–7), Նա ողջունեց փոքր երեխաներին (տես Մատթեոս 19.13–14) և նույնիսկ ներեց նրանց, ովքեր խաչեցին Իրեն (տես Ղուկաս 23.34): Նրա սերն անսահման է և հասանելի է բոլոր նրանց, ովքեր ունեն այդ սիրո կարիքը:
Հիսուսն ուսուցանեց մեզ, թե ինչպես ապրել և ինչպես վերաբերվել ուրիշներին
Ընդամենը 12 տարեկան հասակում Հիսուսին գտան տաճարում՝ վարդապետներին ուսուցանելիս (Ղուկաս 2.42–52): Վարդապետները զարմացել էին, թե որքան շատ բան գիտի Նա: Հիսուսն ամենամեծ ուսուցիչն է, ով երբևէ ապրել է: Նա հաճախ առակներ ու պատմություններ էր օգտագործում կարևոր դասեր ուսուցանելու համար: Այդ առակները սովորական մարդկանց և առօրյա իրավիճակների մասին էին, ուստի հեշտ էին հասկացվում: Նրա պատմությունները դեռևս հուզում են մեր սրտերը և ոգևորում են մեզ՝ հետևելու Նրան և ծառայելու ուրիշներին այսօր:
Հիսուսի ուսմունքները
Հիսուսն ասաց, որ բոլոր հավատարիմ մարդիկ հավասար վարձք կստանան երկնքում, անկախ այն բանից, թե որքան ժամանակ է յուրաքանչյուրը հավատարիմ եղել (տես Մատթեոս 20.1–16):
Հիսուսը մեզ կարևոր դաս է ուսուցանել ներման մասին՝ հարցնելով. «Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի» (տես Մատթեոս 18.23–35):
Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք մեր մերձավորին, և բարի սամարացու առակն ուսուցանում է մեզ, որ ցանկացած մեկը կարող է լինել մեր մերձավորը, ներառյալ օտարներն ու թշնամիները (տես Ղուկաս 10.25–37):
Յուրաքանչյուր մարդ, ով դիմում է Քրիստոսին, կստանա Նրա սիրառատ ընդունելությունը, անկախ նրանից, թե ինչ է արել (տես Ղուկաս 15.11–32):
Երբ մենք մոլորված ենք կամ մենակ և դիմում ենք Հիսուսին, Նա ոչ միայն գրկաբաց կընդունի մեզ, այլև կուրախանա այն հովիվի նման, ով ասում է. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ» (տես Ղուկաս 15.1–6):
Մորմոնի Գիրքը նույնպես պարունակում է Փրկիչի հզոր ուսմունքները: Նա ուսուցանեց մարդկանց՝ ինչպես աղոթել, ինչպես խոնարհ լինել և ինչպես վերաբերվել իրենց ընտանիքներին:
Հիսուսը տառապեց և մահացավ մեզ համար
Երկիր գալու Հիսուսի առաքելության նպատակը՝ մեզ մեր իսկ մեղքերից փրկելն էր: Նա պատրաստ էր տառապել և զոհաբերել Իրեն՝ վճարելով մեր սխալների գինը, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և ներվել:
Գեթսեմանի պարտեզում Հիսուսը զգաց յուրաքանչյուր մեղքի ու ցավի ծանրությունը, որ հայտնի է մարդկությանը: Արյունահոսելով Իր մարմնի յուրաքանչյուր ծակոտիից՝ Նա տառապեց այն բոլոր մարդկանց համար, ովքեր երբևէ ապրել էին (տես Ղուկաս 22.44): Նրան բռնեցին, Նրա վրա թքեցին, մտրակեցին և խաչի հանեցին: Թեպետ Հիսուսը սպանվեց Իր սեփական ժողովրդի կողմից, սակայն Նա աղաղակեց, որ Աստված ողորմա նրանց (տես Ղուկաս 23.34):
Մեր կյանքի հունով ընթանալիս մենք սխալներ ենք գործում և կատարում ենք քայլեր, որոնց համար հետո զղջում ենք: Բայց քանի դեռ փորձում ենք ավելի լավը դառնալ և ներման համար աղոթում ենք մեր Երկնային Հորը, մենք կարող ենք կրկին մաքրվել: Մենք բոլորս պարտական ենք մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսի մեծ սիրուն: